Թափանցիկ շշեր

Պատմվածքը կարճ էր, բայց այդ կարճությամբ հանդերձ կարողացավ փոխանցել այն իրականությունը, որում ապրում են շատ ընտանիքներ։ Ավելի շատ ընտանիքներ, քան ցանկալի է։ Շատ դժվար էր կարդալը։ Ավելի դժվար, քան բազմաթիվ սարսափ կամ ֆանտաստիկ ստեղծագործություններ։ Դժվար էր, քանի որ իրական էր։ Սա իրական մարդկանց ամենօրյա կյանքն է։ Այն կյանքն է, որի հետ համակերպվել են, որից փախչում են, սարսափում, մերժում, անտեսում։ Սպասում, երբ այն կավարտվի։ Եվ կարևոր չէ, թե ում կյանքի ավարտով կավարտվի այդ դժոխքը՝ տառապողների, թե՞ այդ տառապանքների պատճառի։ Արդյո՞ք այն մարդը, ով այդ պատճառն է, ինքը չի տառապում։ Իր տառապանքն արժե՞ կողքինների տառապանքներին։

Տղան ատում է հորը, քանի որ հայրը հարբեցող է, և սիրում է նրան, քանի որ հայրն է։ Դողացող մատներով դատարկ շիշը բռնած՝ հայրը ներողություն է խնդրում, որի հետ մեկտեղ խնդրում է փոխանցել հաջորդ շիշը։ Ներողության հետ մեկտեղ գալիս է ալկոհոլի հոտը, որը հորից անբաժան է։ Բայց որտե՞ղ է սահմանը ատելու և ներելու միջև։ Ո՞րն է այն գիծը, որ ցանկացած ծնող պետք է անցնի, որ դառնա աններելի։ Պատասխանը դժվար է։ Շատերը կասեն, որ ծնողը միշտ ներելի է, բայց արդյո՞ք դա այդպես է։ Ո՞վ է դա որոշել։ Միգուցե ինքը ծնո՞ղը։ Այսպիսի հարցեր շատ կարող եմ տալ, և ամեն մեկից տարբեր պատասխաններ կլսեմ։ Հավանաբար նրանցից շատերը կտան իդեալիստական պատասխաններ։ Կասեն այն, ինչ ընդունելի է հասարակության կողմից։ Ասեմ ավելին, այն հասարակության և այն ժամանակի, որում նրանք ապրում են։ Իրոք որ, պատասխաններ շատ կլինեն, այդ պատճառով էլ ձեզ և ինձ չեմ ծանրաբեռնի անպատասխան (կամ էլ այս դեպքում՝ բազմապատասխան) հարցերով։

Պատմվածքն ուներ շատ ծանր հատվածներ, բայց իմ կարծիքով, ամենածանրը հոր և որդու երկխոսությունն էր։

«Ես ատում եմ քեզ, ամաչում եմ, որ դու իմ հայրն ես: Դու ինձ չես սիրում, եթե սիրեիր` կթողնեիր խմելը, քո մեջ սեր չկա, դու մենակ խմել ես սիրում, դու շշերի միջով կուլ ես տվել ինձ: Ես ուզում եմ սպանել քեզ իմ մեջ, չեմ ուզում կրել քո տված անունը, քո ազգանունը: Բոլորի մեջ մեռած մարդիկ կան, իմ մեջ այդ մարդը դու ես, հայրիկ»: «Շատերն ունեն խմող հայրեր, մենակ դու չես: Դաժան ես խոսում, բայց ես գիտեմ, որ դու բարի տղա ես, ինչպես ես: Այլեւս չեմ կարող չխմել, հասկացիր: Ինձ ոչ մի բուժում չի փրկի: Համակերպվիր: Ես հիվանդ եմ, շատ հիվանդ, ցավում եմ քեզ համար, որ այդպիսին եմ: Դու չես կարող ինձ սպանել քո մեջ, ես քեզ լավ գիտեմ, հետո ես քո մեջ եմ ապրելու: Ինչ էլ որ ես անեմ, դու ինձ չես լքի»:

Այս երկխոսությունը ավելի լուրջ է և ծանր, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Տղան ուզում է իր միջից հանել իր հորը, հանել այն ամեն ինչը, ինչ կարող է իրեն հիշեցնել հոր մասին։ Կտրել բոլոր կապերը, վերացնել բոլոր նմանությունները։ Բայց դա անհնար է։ Հայրը ճիշտ է ասում՝ միշտ էլ տղայի մեջ է ապրելու։ Տղան էլ դա շատ լավ գիտի, դրա համար էլ վախենում է։ Նայում է իր անունին՝ հիշում է՝ ով է տվել այդ անունը, նայում ազգանունին, հիշում՝ ումից է այն ստացել։ Եվ ամենասարսափելին այն է, որ նայում է հայելու մեջ, և տեսնում է հորը։ Նայում է հորը, և տեսնում ինքն իրեն։ Դա՞ է իր ապագան։ Պե՞տք է դառնա իր հոր նման։ Ուրիշ տարբերակ կա՞։ Ամեն անգամ, երբ հայրը բարձրացնում է շիշը շրթունքների մոտ, շշի մեջ տեսնում է իր հոր արտացոլանքը և մտածում, որ հնարավոր է՝ մի օր ինքը լինի այդ արտացոլանքի մեջ։ Իսկ երբ մեկ անգամ էլ ինքը փորձի խմել, այլևս պետք չի լինի պատկերացնել։ Բայց չգիտեմ, թե որը կլինի ավելի տխուր. երբ տեսնի հո՞ր արտացոլանքը, թե՞ երբ տեսնի իրենը, և հասկանա, որ իրենց միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ։ Ոչ ոք էլ չի

ցանկանում նայել իր ծնողին և տեսնել այն հնարավոր տխուր ապագան, որը կարող է իրեն սպասվել։ Ծնողը դառնում է հայելի, իսկ նրա կյանքի ճանապարհը՝ քարտեզ։

Հայրը ճիշտ էր, տղան չի կարող իր միջից հանել հորը։ Հայրը իր արյան մեջ է ամեն անգամ, երբ այդ արյունը բաբախեցնում է տղայի սիրտը։ Հայրը իր մեջ է ամեն անգամ, երբ տղան վերադառնում է՝ հորը օգնելու։ Եվ հայրը կլինի իր մեջ այն ժամանակ, երբ տղան ինքը բարձրացնի շիշը։ «Ե՞րբ»։ «Եթե՞»։ Ո՞վ գիտի։

Չեմ խոսի հոր մասին, քանի որ ոչինչ չեմ կարող ասել։ Նա կատարել է իր որոշումը, և նույնիսկ եթե պատմվածքի վերջում ասում է, որ փոխվելը իր ուժերից վեր է, միևնույնն է՝ կատարել է։ Ընտրել է իր անիծյալ շշերը, որոնք գնալով դատարկվում են, և անտեսել հարազատների համբերության բաժակները, որոնք գնալով լցվում են։ Ասես հայրը վերցնում էր շիշը, մոտեցնում բաժակներին և լցնում, լցնում, լցնում․․․ Լցնում էր մինչև վերջանա կամ շշի պարունակությունը, կամ էլ՝ բաժակի տարողությունը։ Կնոջ բաժակը սկզբից էլ լցվել էր, և պարունակությունը արդեն թափվում էր բաժակի եզրերից։ Աղջկա մասին ասել չեմ կարող, քանի որ շատ բան չի ասվում։ Ամենահետաքրքիրը տղան էր, քանի որ նրա բաժակները շատ էրն։ Մեկ բաժակ լցվում էր, և ատում էր հորը, իսկ երբ հերթը հասնում էր մյուսին՝ հիշում էր, որ հայրն է, և սկսում էր խղճալ հորը։ Օգնում էր նրան։ Բայց դա չէր վերացնում այն բոլոր բաժակները, որոնք արդեն լցվել էին։

Մեկ շիշ, երկու շիշ, երեք, չորս․․․ Մեկ բաժակ, երկու բաժակ, երեք, չուրս․․․ Հետաքրքիր է, որո՞նք ավելի շուտ կկոտրվեն՝ շշե՞րը, թե՞ բաժակները։

Leave a comment